news-details
Վերլուծություն

Լեռնային Ղարաբաղում Հայրենական Մեծ Պատերազմի հուշարձանների ճակատագիրը

Առհասարակ պատերազմական գոտիներում ու պատերազմների ժամանակ դժվար է հասկանալ այս կամ այն դաժանության, բռնությունների ու վանդալիզմի շարժառիթները, քանի, որ պատերազմները չունեն գրված կանոններ: Սակայն խորքային ուսումնասիրությունները ցույց են տալիս  դաժանության թաքնված շարժառիթները, որոնք լայն հասարակությանը հասանելի չեն ու մնում են աննկատ: Այդ ամենն ակնառու է դառնում, հատկապես համակեցության մեջ ապրած ազգերի ու երկրների դեպքում, որոնք հայտնվել են ազգամիջյան բախումների տիրությում և իրականացնում են կենսական ու մշակութային տարածքների զավթում՝ ինչն էլ իր հերթին ամփոփվում է, որպես մշակութային եղեռն: Փաստ է, որ ազգային փոքրամասնությունները միշտ հայտնվում են ցեղասպանության և մշակութային ցեղասպանության ճիրաններում:


Արցախի կամ Ղարաբաղյան  հակամարտության և ադրբեջանական պատերազմի մասին լսել են շատերը, քանի որ 2020 թվականի համավարակի ու սահմանափակումների ընթացքում պայթած ու առանձնակի դաժանությամբ  հայտնի աղմկահարույց պատերազմն էր:


Այս պատերազմը ևս իր նկարագրով չտարբերվեց մարդասիրությամբ և հատկապես աչքի ընկավ հայկական պատմամշակութային ժառանգության հանդեպ տեղի ունեցած վանդալիզմով՝ ընդհուպ մինչև Մեծ հայրենականի հուշարձանների ավերման դեպքեր և ինչն  առավել անսովոր էր՝ նշանառությամբ կրակ և ծիսական ջարդարարություն մշակույթի համամարդկային կոթողների հանդեպ:


Մի կողմ թողնենք, որ 1900-ականներին սկսված այս հակամարտությունը, պարբերաբար ուղեկցվել է  հայկական  արվեստի ու մշակույթի ջարդարարությամբ  և այդ ամենի վիզուալ ապացույցներ չունենալով անգամ ՄԱԿ-ը, ԵԽ և ՅՈՒՆԵՍԿՕ-ն մի շարք բանաձևեր ունեն  Ադրբեջանի կողմից հայկական մշակութային ժառանգության նկատմամբ ջարդարարության մասին: 2020 թվականի պատերազմն այս առումով առանձնահատուկ էր և ջարդարար զինվորները ուրախության ու էյֆորիայի մեջ՝ չէին էլ պատկերացնում, որ բավարար նյութեր են հրապարակում հանցագործության մասին: Ի դեպ Բաքվում շատ շուտ հասկացան, որ այդօրինակ հրապարակումները ունենալու են հետևանքներ և անգամ փորձեցին կանխել՝  հայտարարելով, որ նման արարքները դատապարտելի են և իրականացնողները կենթարկվեն քրեական պատասխանատվության: Բայց փաստերն արդեն առկա են սոցիալական  ցանցերում և ունեցան շարունակություն, որոնք բավարար են քրեական պատասխանատվության ենթարկելու և հանրային գնահատական հնչեցնելու համար:


Մարդկությունը երբեք չի խոսել մշակութային ներկայության կամ համակեցության մեջ մշակութային սահմանների մասին: Այս եզրույթը սահմանվում է որպես  որևէ երկրում, բնակավայրում՝ այլ էթնիկ խմբի ներկայության ապացույցների առկայություն՝ ինչը կոնկրետ հակամարտությունների ժամանակ դառնում է մշակութային սահմանների ճշգրտման և ավերվածությունների շղթա: Այսինքն, մշակութային ներկայությունը բավարար հիմք է ապացուցելու, որ տվյալ վայրի կամ այլազգի գրությունները, մշակութային ոճը, տեղին բնորոշ հումքի միջոցով կատարված՝  կենցաղի ու գոյության միջավայրը, այս կամ այն էթնիկ խմբի, տվյալ տարածքում կարճաժամկետ կամ երկարաժամկետ ներկայության փաստ է: Այդ ամենը խիստ արտահայտված է ՀՀ տարածքում պահպանվող ադրբեջանական ու քրդական, հրեական, ռուսական, համատեղ գերեզմանոցներում, որոնք թեպետ հատուկ պահպանության տակ չեն, բայց անփոփոխ են վերջիններիս  բնակավայրերը  լքելուց հետո:


2020 թվականի արցախյան պատերազմի ժամանակ ադրբեջանական բանակի զինվորները ծիսական նշանառությամբ  կրակում  էին  Ավետարանոց գյուղի Հայրենական պատերազմի մասնակիցների հուշարձանի վրա՝ միայն այն պատճառով, որ հուշարձանի վրա գրված էին հայրենական մեծ պատերազմի՝ հայ մասնակիցների անուններ: Եվ այդ տեսանյութի հրապարակումը բազմաթիվ հարցեր առաջացրեց, թե ինչ վիճակում են առհասարակ հայրենական մեծ պատերազմի՝ հայ մասնակիցների հուշարձանները Ադրբեջանում կամ ինչպես են վերաբերվել այդ խմբի հուշարձաններին խորհրդային տարիներին: Բանը նրանում է, որ ցանկացած լայնամասշտաբ դաժանություն ունի իր թաքնված շարժառիթները՝ բնականաբար բացատրությունը և պատմությունը:


Ադրբեջանում  իրականացվող մշակութային ցեղասպանության դրսևորումն ունի ավելի խորը արմատներ: Առաջին հայացքից, այս վերաբերմունքը բնորոշ է միայն պատերազմական ժամանակահատվածներին կամ էլ Ադրբեջանի անկախության տարիներին, սակայն իրականությունը այլ է և առկա է հստակ վերաբերմունք  Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանների և առհասարակ պատմության այդ դրվագի հանդեպ՝  ինչը ակնառու է դառնում Մեմեդ էմին Ռասուլզադե անվան շուրջ ձևավորված հանրային տրամադրություններով: Չենք կարող չարձանագրել, որ դեռ խորհրդային տարիներից ադրբեջանական հասարակության կամ կար լոյալ վերաբերմունք Մեմեդ էմին Ռասուլզադեի նկատմամբ, ով Մեծ հայրենականի ժամանակ կազմակերպելով ադրբեջանական լեգիոներ՝ ակտիվ մասնակցել է պատերազմին Ֆաշիստական Գերմանիայի կողմից և ում արձաններն ու կիսանդիրները տեղադրվել են Ադրբեջանի Հանրապետությունում՝ հետխորհրդային տարիներին: Մեմեդ Ռասուլզադեն համացանցում ներկայացված է որպես ադրբեջանական քաղաքական ու պետական գործիչ:

Ուզենք, թե չուզենք, պետք է ընդունենք, որ այս հանգամանքը իր ուղղակի ու անուղղակի ազդեցությունն ունի ադրբեջանական անկախության սերնդի վրա և այն ինչ քաղաքակարթության շրջանակում բացատրություն չունի՝ տրամաբանորեն բացատրվում է այս հանգամանքով:


Ադրբեջանական լեգիոնների հանդեպ լոյալությունը և արմատական ազգայնականությունը  վերջին 30 տարիների  ընթացքում դաստիրակել են հենց այն սերունդը, ովքեր 2020 թվականի պատերազմի ժամանակ զբաղված էին հենց Մեծ հայրենականի՝ հայ հերոսների հուշարձանների և  թանգարանների ոչնչացմամբ։


Խորհրդային միությունը՝ 128-150 (թեպետ հիշատակվում է  մոտ 800 էթնիկ կատեգորիաներ)   ազգերի  հետ՝ ուս ուսի տված կռվում էր համամարդկային չարիքի դեմ և բարդ է պատկերացնել, որ ասենք հայը՝  Հայաստանում  նմանատիպ հուշարձանի հանդեպ ունենա  վատ վերաբերմունք, քանի որ այնտեղ գրված է այլազգի մասնակցի անուն:
Կոնկրետ հայկական ինքնության դեմ իրականացվող մշակութային ցեղասպանությունը հատել է մի սահման, երբ ձեռք է բարձրացվում միջազգային չարիքի դեմ մարտնչած ու նահատակված՝ խորհրդային միությունում հեղինակություն վայելող բարձաստիճան ու շարքային հերոսների հուշարձանների վրա և դա արվում է քաղաքակիրթ մարդկության աչքի առաջ՝ անտեսելով այն հանգամանքը, որ դիտողների շրջանում  դեռահասների ու երեխաների հատվածը գերակշռող է:

Ի՞նչ կարող էր անել, կամ ի՞նչը կխաթարվեր Շուշիում գտնվող սոցիալիստական աշխատանքի հերոսի կամ պատերազմի կրկնակի հերոսի կիսանդրին: Որպես կիսանդրի ոչինչ, բայց հայ լինելը ինչպես առաջին՝ այնպես էլ երկրորդ դեպքում խնդրահարույց է ադրբեջանական հասարակության համար: Ադրբեջանի Հանրապետության այն տարածքներում, որտեղ կա էթնիկ հայկական ներկայության փաստեր՝ մշակութային ժառանգությունը անխնա կոտորվում է: 


Այդպիսններից մեկը 1969 թվականին Բաքվում  ջարդված 600 հայ զինվորներին նվիրված հուշարձանն էր, կամ էլ Սովետական Միության մարշալներ՝ Հովհաննես Բաղրամյանի և Համազասպ Բաբաջանյանի հայրենի՝ Չարդախլու գյուղում բացված փառքի թանգարանը, որը  ադրբեջանական իշխանության կողմից 1989թ. վերակառուցվեց որպես թեյարան (չայխանա): Իսկ արցախյան առաջին պատերազմի ժամանակ ոչնչացվել են մարշալների հուշարձանները:


Փաստերը բազմաթիվ են  և մասնագետները կարող դոկտորական ուսումնասիրություն անել կամ անգամ գիրք գրել այս ամենի մասին: Ամեն դեպքում կատարվածը մի քանի միջազգային գիտաժողովների ու քննարկումների կարիք ունի և շարունակական ուսումնասիրությունների դեպքում,  մենք պետք է բացահայտենք, թե ի՞նչ ենք ուզում ուսանել ապագա սերունդներն: Հատկապես պատմության ու միջազգային չարիքի չվերատրադրվելու ու հետագայում արմատական ատելության ձևավորումը բացառելու շուրջ՝ մեր սերունդը ի՞նչ է արել ու ի՞նչ անելիքներ ունի:

Ստորև ներկայացնում ենք այն հղումները որոնք արձանագրվում են  հոդվածում հիշատակված ջարդարարությունը և Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանների հանդեպ տեղի ունեցած մշակութային ցեղասպանությունը:


1988թ․ Կիրովաբադում ջարդվում է Սովետական միության մարշալ Հովհաննես Բաղրամյանի կիսանդրին, որը ներկվում է, հետո իջեցվում պատվանդանից ու տեղափոխվում երկաթգծի կայարան այրելու նպատակով:

1989թ․  Չարդախլույում ոչնչացվում է Մայր հայրենիք հուշարձանը, որը  տեղադրվել էր  հայրենական մեծ պատերազմի 1300 մասնակիցների հիշատակին: 2 մարշալ, 7 սովետական միության հերոսներ, գեներալներ ու այլ բարձրաստիճան զինվորականներ:

2020թ.Շուշի․  Հիշատակի հուշահամալիր նվիրված Հայոց ցեղասպանության, Մեծ հայրենականի և Արցախյան առաջին պատերազմի զոհերին:

Շուշի․ Պղծվում է սովետական միության կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյանի հուշարձանը: Այն ի դեպ, պղծվել է  երկրորդ անգամ՝ առաջինը 1988 թվականին:

Շուշի․  Սոցիալիստական աշխատանքի հերոս Իվան Թևոսյանի կիսանդրին։

Ազոխ գյուղում գեներալ գնդապետ Սերգեյ Սարդարովի հուշարձանը

Հադրութ․  Ծովակալ Իսակովի հուշարձանը

Քարին տակ գյուղ․ Հայրենական մեծ պատերազմի հուշահամալիրը

Մեծ թաղեր․  Սովետական միության մարշալ Արմենակ Խամփերյանցի հուշատուն թանգարանը

Ավետարանոց գյուղ․  Հայրենական մեծ պատերազմի հուշարձանի վրա նշանառության դասեր են պարապում ադրբեջանցի զինվորները (ճակատագիրն անհայտ է)

Ակնաղբյուր․  Հայրենական մեծ պատերազմի հուշարձանը ոչնչացված է

Դատելով կատարվածի ժամանակագրությունից և աշխարհագրությունից ցանկը շարունակելի է, թեև այսքան էլ բավարար է հասկանալու համար, թե ինչ է կատարվում Ադրբեջանում և Ադրբեջանի կողմից օկուպացված Ղարաբաղի տարածքներում:


Ավելացնենք, որ նույն ճակատագրին են արժանանում հայկական մշակութային ժառանգության և ներկայության ցանկացած հուշարձան և կարելի է մի քանի բաժիններով խոսել Ադրբեջանի կողմից հայկական հուշարձանների հանդեպ մշակութային ցեղասպանության մասին:

Արթուր Գեւորգյան - ՀՀ քանդակագործության թանգարանի ազգային պարկի տնօրեն