news-details
Քաղաքական

ՌԴ ԶՈՒ-ն հետևողականորեն կատարում է ԴԺՀ և ԼԺՀ ազատագրման ծրագիրը. Շոյգու

Ռուսաստանի Զինված ուժերը հետևողականորեն կատարում են Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների ազատագրման ծրագիրը, զինվորականները ցուցաբերում են խիզախություն և հերոսություն մարտական առաջադրանքներ կատարելիս, ռազմական գերատեսչության կոլեգիայում հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն, գրում է ՏԱՍՍ-ը։

Բանակի գեներալը հավելել է, որ Ռուսաստանի Դաշնությունը մնում է իր քաղաքացիների անվտանգության հուսալի երաշխավորը։ Նա նաև նշել է, որ վերջին ամիսների իրադարձությունները հստակ ցույց են տալիս, թե որքան կարևոր է Ռուսաստանի համար շարունակել կատարելագործել իր բանակը։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին: Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»:

Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։ Ի պատասխան Արևմուտքը սահմանել է նոր հակառուսական պատժամիջոցներ: Մասնավորապես, դրա ներքո են հայտնվել մի քանի խոշորագույն բանկեր, ներառյալ «Սբերբանկ»-ը և ՎՏԲ-ն:

Եվրամիությունը, ԱՄՆ-ն, Կանադան և մի շարք այլ երկրներ երկինքը փակել են Ռուսաստանի ինքնաթիռների համար: Մի շարք պետական ընկերությունների համար դժվարացել են օտարերկրյա կապիտալի ներգրավման հնարավորությունները: Պատժամիջոցներ են սահմանվել բարձրտեխնոլոգիական ապրանքներ Ռուսաստան մատակարարելու վրա: Tert.am