news-details
Քաղաքական

Եթե ԱՄՆ-ը Թուրքիային չվաճառի F-16-երը, ապա նա կարող է դիտարկել Ռուսաստանից Սու-57 գնելու տարբերակը

Թուրքիան կարող է դիտարկել ռուսական Սու-57 ինքնաթիռներ գնելու տարբերակը, եթե ԱՄՆ Կոնգրեսը հրաժարվի նրան F-16 կործանիչներ վաճառել։ Ըստ ՏԱՍՍ-ի՝ այս մասին երկուշաբթի օրը հայտնել է թուրքական Milliyet թերթը։

Անկարան Վաշինգտոնից խնդրել է 40 հատ «F-16 Block 70» կործանիչ և 80 հատ «Block 70» արդիականացման կոմպլեկտներ արդեն իսկ ունեցած թուրքական F-16-ների համար։ Եթե այս խնդրանքը չբավարարվի, Անկարան կսկսի այլընտրանքներ փնտրել, այդ թվում՝ ռուսական Սու-57-եր։

Milliyet թերթը չի բացառում, որ կարող են դիտարկվել նաև Ֆրանսիայից ու Մեծ Բրիտանիայից ինքնաթիռներ ձեռք բերելու տարբերակներ։ Եթե ԱՄՆ Կոնգրեսը հավանություն տա F-16 գործարքին, ապա այդ ինքնաթիռները բավարար կլինեն հանրապետության պաշտպանական կարիքները բավարարելու համար, քանի դեռ Անկարան շահագործման չի հանձնել սեփական TF-X կործանիչը, որը մշակվել է 2016 թվականից, հայտնում է պարբերականը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ-ը, փորձելով ճնշում գործադրել Թուրքիայի վրա Ռուսաստանից S-400-ը ձեռք բերելուց հետո, հրաժարվել է 2019 թվականին այս երկրին հինգերորդ սերնդի F-35 ինքնաթիռներ մատակարարել։ F-35-ի ձեռքբերման հետ կապված խնդիրների ֆոնին Անկարան հայտարարեց համապատասխան մեխանիզմով Վաշինգտոնից F-16 կործանիչների լրացուցիչ խմբաքանակ գնելու ցանկության մասին։

Մարտի 10-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄՆ առաջնորդ Ջո Բայդենի հետ բանակցությունների ժամանակ ասաց, որ Վաշինգտոնը պետք է չեղարկի Անկարայի դեմ անարդար պատժամիջոցները ռազմական արդյունաբերության ոլորտում, ներառյալ ինքնաթիռներ ձեռք բերելու հնարավորությունը։

Նախորդ տարվա հոկտեմբերի կեսերին Թուրքիայի ռազմական արդյունաբերության տնօրինության ղեկավար Իսմայիլ Դեմիրը հայտարարել էր, որ հանրապետությունը պատրաստ է դիտարկել ռուսական Սու-35 և Սու-57 ինքնաթիռներ ձեռք բերելու հնարավորությունը, եթե Անկարան չկարողանա համաձայնության գալ։ 

Panorama.am