news-details
Նորարարություններ

Հնդկաստանը ինքնաոչնչացող արբանյակներ եւ հրթիռներ է ստեղծում

Հնդկական տիեզերական հետազոտությունների կազմակերպությունը (ISRO) ինքնաոչնչացող հրթիռների եւ արբանյակների ստեղծման աշխատանքներ է տանում, որոնք չեն աղտոտի շրջակա միջավայրը կամ Երկրի ուղեծիրը: Այդ մասին լրագրողներին հայտնել է ISRO-ի ղեկավար Կայլասավադիվու Սիվանը, փոխանցել է ՏԱՍՍ-ը։    

«Մեր բոլոր հրթիռներն ունեն մետաղական կորպուսներ, որոնք գործարկումից հետո նետվում են ծովը կամ վերջնական փուլում դառնում տիեզերական աղբ: Մենք աշխատում ենք տեխնոլոգիայի վրա, որը թույլ կտա հրթիռներին արդյունավետորեն ինքնաոչնչանալ՝ խուսափելու համար թափոնները ծով թափելուց եւ տիեզերական աղբի առաջացումից: Մենք կորպուսների համար հատուկ նյութեր ենք դիտարկում, որոնք կարող են այրվել շարժիչների հետ», - չորեքշաբթի Սիվանի խոսքերն է մեջբերել Times of India-ն:

ISRO-ի ղեկավարը նաեւ նշել է, որ տեխնոլոգիա է մշակվում ուղեծրում արբանյակների ինքնաոչնչացման համար։ «[Կործանման կոճակը] կսկսի գործընթաց, որի ընթացքում արբանյակը կայրվի ուղեծրում», - բացատրել է նա:

Հնդկաստանի տիեզերական գերատեսչությունն աշխատում է նաեւ այլ տեխնոլոգիաների վրա։ Խոսքը տիեզերքում տարբեր սարքավորումների արտադրության, քվանտային կապի ցանցի ստեղծման, կատարելագործված ռադարների եւ այլնի մասին է, նշել է Սիվանը։

News.am