news-details
Ինֆո Պատերազմներ

Ռուսական շուկայից պատրաստ է հեռանալ գերմանական ընկերությունների միայն 4 տոկոսը

Ռուսաստանում գործող գերմանական ընկերությունների միայն 4 տոկոսն է ցանկություն հայտնել ամբողջությամբ լքել շուկան:

Այս մասին RBC լրատվականին հայտնել են ռուս-գերմանական արտաքին առեւտրի պալատում (VTP), փոխանցում է news.am-ը:

«Ապրիլի վերջին ռուս-գերմանական առեւտրի պալատը հարցում է անցկացրել իր 1050 անդամ ընկերությունների միջեւ՝ պարզելու, թե ինչպես են նրանք տեսնում իրենց բիզնեսի ապագան Ռուսաստանում: Գերմանական ընկերությունների միայն 4 տոկոսն է հայտարարել՝ ռուսական շուկան ամբողջությամբ լքելու մտադրության մասին։ Մնացյալ ընկերությունները նախատեսում են առանց որեւէ փոփոխության շարունակել իրենց գործունեությունը շուկայում՝ կամ էլ մասամբ հրաժարվել նոր նախագծերից, կամ փոխել իրենց կառուցվածքը»,- հայտնել է VTP-ն եւ հավելել, որ 2023 թվականին ակնկալում են անդամ ընկերությունների թվի նվազում՝ այնուամենայնիվ մնալով Ռուսաստանի ամենամեծ արտասահմանյան բիզնես ասոցիացիան:

Հիշեցնենք, որ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության մեկնարկի մասին հայտարարությունից հետո տասնյակ եվրոպական՝ այդ թվում գերմանական ընկերություններ, լքել են Ռուսաստանը։ Դրանց թվում են գերմանական Siemens-ը եւ դրա դուստր ձեռնարկություն Siemens Mobility-ն, որը մայիսի 12-ին հայտարարել է ռուսական երկաթուղիների հետ համատեղ պայմանագրերի դադարեցման մասին: Հունիսի 3-ին Եվրոպայի խոշորագույն ապահովագրող գերմանական Allianz Group ընկերությունը հայտարարել է շուկայից դուրս գալու մասին։ Ռուսական շուկան լքել են նաեւ գերմանական ավտոմոբիլային կոնցեռնները՝ Mercedes-Benz-ը, BMW-ն եւ Volkswagen-ը, կենցաղային քիմիայի եւ վերանորոգման ապրանքների արտադրող Henkel-ը, ծրագրային ապահովման մշակող SAP-ը, հրուշակեղենի ապրանքանիշը Dr. Oetkerը, Deutsche բանկն ու Commerzbank-ը:

Արմենպրես