news-details
Քաղաքական

Մարոկկոն դատապարտում է Իրանի միջամտությունը Պարսից ծոցի երկրների ներքին գործերին

/ТАСС/. Մարոկկոյի Թագավորությունը դատապարտում է Պարսից ծոցի արաբական երկրների ներքին գործերին՝ Իրանի ակնհայտ միջամտության ցանկացած փորձ: Այս մասին չորեքշաբթի օրը հայտարարել է արտաքին գործերի, աֆրիկյան համագործակցության և արտասահմանում ապրող մարոկկացիների նախարար Նասեր Բուրիտան՝ Պարսից ծոցի արաբական երկրների համագործակցության խորհրդի գլխավոր քարտուղար Նաիֆ Ֆալահ Մուբարաք ալ-Հաջրաֆի հետ տեսակոնֆերանսի ժամանակ։

Այս մասին ասվում է հյուսիսաֆրիկյան թագավորության արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության մեջ։

«Բուրիտան հաստատել է Մարոկկոյի մերժումն ու դատապարտումը Պարսից ծոցի երկրների, հատկապես եղբայրական Բահրեյնի Թագավորության ներքին գործերին Իրանի ակնհայտ միջամտության բոլոր ձևերի նկատմամբ»,- ասվում է փաստաթղթում։

Նախարարը հիշեցրել է թագավոր Մուհամմեդ VI-ի դիրքորոշումը, ըստ որի «Մարոկկոն միշտ հավատացել է, որ Պարսից ծոցի երկրների անվտանգությունն ու կայունությունը անբաժանելի են Մարոկկոյի անվտանգությունից՝ հաշվի առնելով ընդհանուր ճակատագրերը և տարբեր տեսակետների մերձեցումը»։

Բուրիտան երախտագիտություն է հայտնել Խորհրդի անդամներին իրենց «անդրդվելի դիրքորոշման համար՝ հօգուտ Մարոկկոյի սեփականության Սահարայի և թագավորության տարածքային ամբողջականության աջակցության հարցում»։

Նա նաև վերահաստատել է «Մարոկկոյի պատրաստակամությունը շարունակել աշխատել Խորհրդի Գլխավոր քարտուղարության և Պարսից ծոցի երկրների հետ՝ հիմք ստեղծելով որակյալ համագործակցության համար»։

Բուրիտան նաև նշել է, որ Մարոկկոն իր թագավորի, կառավարության և ժողովրդի անունից դատապարտում է Եմենի հութիների և նրանց աջակիցների կողմից Սաուդյան Արաբիայում և Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) քաղաքացիական և տնտեսական օբյեկտների վրա շարունակվող հարձակումները: