news-details
Ինֆո Պատերազմներ

Ադրբեջանի իշխանությունները շանտաժի են ենթարկում ԱՄՆ-ին եւ սպառնում հրաժարվել ԵԱՀԿ ՄԽ ձեւաչափից

Ադրբեջանի իշխանությունները շանտաժի են ենթարկում ԱՄՆ-ին եւ սպառնում հրաժարվել ԵԱՀԿ ՄԽ ձեւաչափից։  

Ծավալուն նյութը, որն ամբողջությամբ բաղկացած է նախատինքներից, Իրանի եւ ԱՄՆ -ի հասցեին ուղղված մեղադրանքներից եւ սպառնալիքներից, գիշերը հրապարակել է haqqin.az-ը։ Հաշվի առնելով հրապարակման հարաբերությունները երկրի իշխանությունների հետ՝ կասկած չկա, որ նյութը արտացոլում է ոչ թե հեղինակի տեսակետը, այլ Ադրբեջանի ղեկավարության դիրքորոշումը:

«Լին Թրեյսիի (Հայաստանում ԱՄՆ դեսպան,-խմբ.) անհիմն եւ անիմաստ հայտարարությունները միայն սրում են տարածաշրջանում առանց այն էլ լարված իրավիճակը, քանի որ դրանք բացահայտորեն ռեւանշիզմ են բորբոքում հայաստանյան քաղաքական էլիտայի մեջ եւ բորբոքում անջատողականության նոր բոց: Ո՞րն է Վաշինգտոնի նպատակը: Սրե՞լ մի փոքր հանդարտված հակամարտությունը: Տարածաշրջան տանող ճանապա՞րհ բացել ուշացած Թեհրանի համար, որը փորձում է ցատկել մեկնող գնացքի վերջին վագոնը։ Օգտվե՞լ նոր իրավիճակից՝ իր ազդեցությունը ընդլայնելու համար: Թրեյսիի հրահրող հայտարարությունների շարանը ինքնագործունեություն չեն։ Թրեյսիի հայտարարությունները վերցված են Պետքարտուղարությունից եւ կրկնում են այն միտքը, որ հակամարտությունը դեռ ավարտված չէ:

Հարց է առաջանում՝ ո՞վ էր 30 տարի շարունակ խանգարում տարածաշրջանում Մինսկի խմբի համանախագահի եւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական ​​անդամի կարգավիճակում գտնվող այնպիսի հզոր պետության, ինչպիսին ԱՄՆ-ն է, «հալեցնել» սառեցված հակամարտությունը»,-գրում է ադրբեջանական պարբերականը՝ այնուհետեւ անցում կատարելով վիրավորանքի՝ նշելով «թոշակի անցած Քերի Քավանոյի անկանոն հիշողությունները կամ պաշտոնաթող Ջեյմս Ուորլիքի անպիտան բարոյախրատական հայտարարությունները»:     

«Եվ ահա պատերազմի ավարտից մեկ տարի անց, որը պայմանավորված էր Վաշինգտոնի քաղաքական անգործությամբ եւ ցինիկ դիվանագիտությամբ, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը վերջնագրի տեսքով Ադրբեջանին է պարտադրում 15-ամյա վաղեմության կարգավորման օրակարգը։ Այսինքն՝ ԱՄՆ դեսպանը փորձում է համոզել Ադրբեջանին քննարկել խնդիրներ, որոնք Վաշինգտոնը չէր նկատում հակամարտության հենց սկզբից: Սիրիական ողբերգությունից, լիբանանյան դրամայից, Իրաքում կատարված ռազմական հանցագործություններից եւ, վերջապես, Աֆղանստանից խայտառակ փախուստից հետո, էլ չենք խոսում նրա ամենամոտ դաշնակից Փարիզին մեջքից հարվածելու մասին, Վաշինգտոնը պետք է վերանայեր իր դերը նոր աշխարհում, սակայն նա կորցրեց  կովկասյան տարածաշրջանի գործերին միջամտելու բարոյական իրավունքը:

Եթե ​​ԱՄՆ կառավարությունը չհրաժարվի այս մոտեցումից, Ադրբեջանը լիովին կհրաժարվի ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափով հանդիպումներից: Ավելին, նա կհրաժարվի բոլոր մակարդակներից: Վաշինգտոնը կարող է ընդունել այս հաղորդագրությունը որպես ոչ պաշտոնական նախազգուշացում»,-ասվում է հոդվածում:   

News.am