news-details
Քաղաքական

Պուտինը, Ռաիսին և Էրդողանը պայմանավորվել են ընդլայնել սիրիական թեմայով եռակողմ ձևաչափը

Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի առաջնորդներ Վլադիմիր Պուտինը, Էբրահիմ Ռաիսին և Թայիփ Էրդողանը որոշում են կայացրել սիրիական թեմատիկայի սահմաններից դուրս ընդլայնել փոխգործակցության եռակողմ ձևաչափը։

Ինչպես հաղորդում է ТАСС-ը, այդ մասին ասվում է ղեկավարների համատեղ հայտարարության մեջ՝ ամփոփելով Թեհրանում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները:

«Ի լրումն սիրիական հարցի՝ նրանք (առաջնորդները) հաստատել են տարբեր ոլորտներում եռակողմ համակարգումն ամրապնդելու իրենց մտադրությունը՝ համատեղ քաղաքական և տնտեսական համագործակցությանը նպաստելու նպատակով», – ասված է փաստաթղթում:

Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի նախագահները մերժել են Սիրիայի դեմ բոլոր միակողմանի պատժամիջոցները և կոչ են արել միջազգային հանրությանը ուժեղացնել օգնությունը Սիրիայի ժողովրդին: Միակողմանի պատժամիջոցների հետ մեկտեղ առաջնորդները մերժել են ցանկացած խտրական միջոցներ, որոնք ուղղված են Սիրիայի դեմ, «որոնք անջատողական պլաններին աջակցելու միջոցով կարող են հանգեցնել այդ երկրի փլուզմանը»:

Պուտինը, Ռաիսին և Էրդողանը հայտարարել են, որ սիրիական հակամարտությունը չունի ռազմական լուծում։ «Եռյակը» կարծում է, որ հակամարտությունը կարող է լուծվել միայն քաղաքական գործընթացի շրջանակներում՝ ՄԱԿ-ի ղեկավարությամբ և աջակցությամբ։

Նախագահներն ընդգծել են հավատարմությունը Սիրիայի ինքնիշխանությանը, անկախությանը, միասնությանը և տարածքային ամբողջականությանը, ասված է համատեղ հայտարարության մեջ:

Փաստաթղթի համաձայն, երեք երկրների առաջնորդները քննադատել են ահաբեկչական կազմակերպությունների աճող ներկայությունն ու գործունեությունը Սիրիայում, այդ թվում հարձակումները քաղաքացիական օբյեկտների վրա, ասված է հայտարարության մեջ:

«Մերժել են ահաբեկչության դեմ պայքարի պատրվակով «երկրի վրա» նոր իրողություններ ստեղծելու բոլոր փորձերը, ներառյալ ինքնակառավարմանն ուղղված անօրինական նախաձեռնությունները, և իրենց վճռականությունն են հայտնել դիմակայելու անջատողական պլաններին, որոնք ուղղված են Սիրիայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության խաթարմանը և հարևան երկրների ազգային անվտանգությանը սպառնացող, ներառյալ անդրսահմանային հարձակումները և ներթափանցումը», – գործակալությունը մեջբերել է հայտարարությունը:

Նշվում է, որ Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի հաջորդ եռակողմ գագաթաժողովը տեղի կունենա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով:

armeniatoday.news