news-details
Քաղաքական

ՌԴ-ն Ժնևում ԱՄՆ-ի հետ բանակցությունների ժամանակ հայտարարել է, որ Ուկրաինայի վրա «հարձակվելու» մտադրություններ չունի

Ռուսական կողմը ԱՄՆ-ի հետ անվտանգության երաշխիքների բանակցությունների ժամանակ բացատրել է, որ Ուկրաինայի վրա «հարձակվելու» մտադրություններ չունի։ Այս մասին բանակցություններին հաջորդած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը, գրում է Russia Today-ը։

«Մենք բացատրեցինք մեր գործընկերներին, որ Ուկրաինայի վրա «հարձակվելու» ծրագրեր, մտադրություններ չկան և չեն կարող լինել», - ասել է Ռյաբկովը։ Նրա խոսքով՝ զորքերի մարտական պատրաստության բոլոր միջոցառումներն իրականացվում են Ռուսաստանի տարածքում։

Ռուսաստանի փոխարտգործնախարարն ընդգծել է, որ «այս առումով որևէ էսկալացիայի սցենարից վախենալու պատճառ չկա»։

Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև անվտանգության երաշխիքների հարցով բանակցություններն ավարտվել են։ Հանդիպումն անցկացվել է Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում ԱՄՆ մշտական ներկայացուցչության տարածքում՝ փակ ձևաչափով։

Բանակցությունները տևել են գրեթե 8 ժամ։

Դեկտեմբերի 17-ին ՌԴ ԱԳՆ-ն շրջանառության մեջ է դրել ԱՄՆ-ի և Հյուսիսատլանտյան դաշինքի կողմից իրավական անվտանգության երաշխիքների տրամադրման վերաբերյալ ռուսական երկու փաստաթղթերի նախագիծ։ Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ էր արել ՆԱՏՕ-ին սկսել առարկայական բանակցություններ՝ նպատակ ունենալով Ռուսաստանին ապահովել անվտանգության հուսալի և երկարաժամկետ երաշխիքներ։ Նա պարզաբանել է, որ Մոսկվային հենց իրավական երաշխիքներն են պետք, քանի որ արևմտյան գործընկերները չեն կատարել իրենց համապատասխան բանավոր պարտավորությունները։