news-details
Քաղաքական

CNN. ԱՄՆ-ն գաղտնի 200 միլիոն դոլարի պաշտպանական օգնություն է հատկացրել Ուկրաինային

Անցյալ տարվա դեկտեմբերի վերջին Բայդենի վարչակազմը Ուկրաինային անվտանգության համար գաղտնի 200 միլիոն դոլար լրացուցիչ օգնություն է հատկացրել, հաղորդում է CNN-ը՝ վկայակոչելով հարցին ծանոթ չորս անձանց։

Աղբյուրները նշում են, որ օգնության փաթեթը պաշտպանական սարքավորումներ էր ներառում, որոնք Միացյալ Նահանգները մատակարարել էին նախկինում, այդ թվում՝ զենք եւ զինամթերք, կապի պաշտպանված համակարգեր, բժշկական սարքավորումներ, պահեստամասեր եւ այլ սարքավորումներ: Փաթեթը հաստատվել է այս շաբաթ ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի բանակցությունների մեկնարկից մի քանի շաբաթ առաջ:

Աղբյուրները CNN-ին հայտնել են, որ Սպիտակ տան վարչակազմն այս ամսվա սկզբին անաղմուկ հայտնել էր Կոնգրեսին իր որոշման մասին: Որոշ պաշտոնյաներ այդ մասին իմացել են գաղտնի ուղիներով, CNN-ին պատմել են երկու աղբյուրներ: Սարքավորումների մատակարարումը հավանաբար որոշ ժամանակ կպահանջի: Այդպես, անցյալ տարվա ամռանը հաստատված 60 միլիոն դոլար արժողությամբ անվտանգության ոլորտում լրացուցիչ աջակցության տրամադրումը միայն հիմա է ավարտին մոտենում:

Դեկտեմբերի կեսերի դրությամբ ԱՄՆ-ն Ուկրաինային անվտանգության ոլորտում ավելի քան 450 միլիոն դոլարի օգնություն է տրամադրել։

ԱՄՆ-ի 2022 թվականի պաշտպանական բյուջեն 300 միլիոն դոլար հատկացում է նախատեսում Ուկրաինային անվտանգության ապահովման, այդ թվում՝ Ուկրաինայի զինված ուժերին աջակցություն ցուցաբերելու նախաձեռնության շրջանակներում։

News.am