news-details
Հարցազրույց

Ժողովրդի բևեռացումը, հակամարտող ճամբարների միջև բաժանումը բավականին վտանգավոր է, և որ հանցագործություն է այդ ճանապարհով գնալը, հանցագործություն է մեր ժողովրդին դեպի պառակտում տանելը. Բաբայան

-Պարոն Բաբայան, եթե անցյալում մենք բոլորս` և ժողովուրդը, և լրագրողները Ձեր կանխատեսումները համարում էինք չափազանց ուռճացված և ոչ իրատեսական, ապա այսօր 44-օրյա պատերազմից հետո ոչ ոք այլևս չի կասկածում Ձեր խոսքերի և գնահատականների ճշմարտացիության վրա: Այդ իսկ պատճառով այսօր բոլորիս համար ակտուալ է իմանալ նախընտրական իրավիճակի վերաբերյալ Ձեր ընկալումն ու գնահատականը: Ինչպես կմեկնաբանեք նախընտրական պայքարի ակտիվ փուլ մտած քաղաքական ուժերի պահվածքն ու ծրագրերը:

-Ես վերջերս իմ հայտարարության մեջ նշել եմ, որ ժողովրդի բևեռացումը, հակամարտող ճամբարների միջև բաժանումը բավականին վտանգավոր է, և որ հանցագործություն է այդ ճանապարհով գնալը, հանցագործություն է մեր ժողովրդին դեպի պառակտում տանելը:
Ոչ պակաս հանցավոր են պահում բոլոր նրանք, ովքեր փորձում են գնել մարդկանց ձայները, մոլորեցնել ընտրողներին ֆինանսներով և խոստումներով, որովհետև այդ ճանապարհը ևս տանում է դեպի ճգնաժամ: Որովհետև նորից ձևավորվելու է Խորհրդարան, որն իր կազմով չի արտացոլելու մեր ժողովրդի իրական նախապատվությունը: Դեռ ավելին, Խորհդարանում նորից են հայտնվելու նրանք, ովքեր հեռու են մեր երկրի առաջ ծառացած մարտահրավերներն ադեկվատ ընկալելուց, մարդիկ, ովքեր բացարձակապես չեն հասկանում թե խնդրի լրջությունը և թե այս ճգնաժամից երկիրն ու ժողովուրդին հանելու ճանապարհը:


Վերջին 20 տարիներին ովքեր եկել են իշխանության, շարունակել են պահել նախորդների ղեկավարման ավանդույթները: Դրա համար արդեն 20 տարի է մարզային ղեկավարների փոխարեն մենք ունենք շրջանների «նայողներ», գրագետ նախարարի փոխարեն ընդամենը ունենք այդ ոլորտի «նայող»: Եվ ոչ մի իշխանություն էլ չի փոխել այդ դրվածքը, նրանք միայն փոխարինում էին մի խումբ մարդկանց ուրիշներով` յուրայիններով: Եվ նրանցից ոչ մեկը չի մտածել, թե ինչպես կառուցի ուժեղ պետություն, որտեղ կաշխատեին, կգերակայեին օրենքները:


Այսօր քիչ բան է փոխվել, ընդամենը քաղաքական ուժերը սկսել են ավելի «գրագետ» աշխատել: Ժողովրդի իրական խնդիրներն ընկալելու և դրանք լուծելու փոխարեն, նրանք նախընտրում են վարձել լրագրողների և պիարշիկների մի խումբ, որպեսզի որքան հնարավոր է իրատեսորեն ստեն և հիպնոզացնեն ժողովրդին գեղեցիկ, բայց անիրագործելի խոստումներով:
Դրա համար ես հերթական անգամ կոչ եմ անում իմ բոլոր հայրենակիցներին դուրս գալ հիպնոզից և սթափ գնահատել նրանց, ովքեր փորձում են որսալ ձեր ձայները: Նայեք իրենց անցած ճանապարհը, նրանց ձեռքբերումներն ու ձախողումները, նրանց հաղթանակներն ու պարտությունները: Ուզու՞մ եք, որ այդ ամենը նորից կրկնվի:

Իմ կերտած հաղթանակների կրկնումը ես երաշխավորում եմ, և ոչ միայն բանակի և մեր պետական սահմանների պաշտպանության ոլորտում: Այո, բանակի խնդիրն անկասկած մեր առաջնահերթություններից է, և ես բազմիցս ասել եմ, որ միայն հզոր, անպարտելի բանակը կարող է դառնալ տնտեսության կայուն զարգացման գրավականը: Մենք գալիս ենք ուժեղ թիմով և իրագործելի ծրագրով, և ես վստահեցնում եմ, որ մենք կարողանալու ենք ապահովել ոչ միայն բանակի վերածնունդը, այլև տնտեսության բոլոր ճյուղերի կայուն զարգացումը: