news-details
Քաղաքական

Տրանսպորտային ապաշրջափակման հարցով եռակողմ աշխատանքային խմբի նիստը տեղի կունենա մոտ ժամանակներս. Զախարովա

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների համանախագահությամբ տրանսպորտային ապաշրջափակման հարցով եռակողմ աշխատանքային խմբի նիստը տեղի կունենա մոտ ժամանակներս:

Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Զախարովան նշել է, որ Ռուսաստանը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի առաջմղման հիմք է դիտարկում բարձր մակարդակի եռակողմ պայմանավորվածությունները եւ շարունակում է ակտիվ աշխատանքը Երևանի և Բաքվի հետ բոլոր ուղղություններով, այդ թվում՝ տնտեսական եւ տրանսպորտային կապերի ապաշրջափակումը, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացի գործարկումը, խաղաղ պայմանագրի համաձայնեցումը:

«Հաղորդակցության ապաշրջափակման հարցերը քննարկվել են ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ապրիլի 26-ին կայացած հանդիպման ընթացքում: Հայկական եւ ադրբեջանական կողմերի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել նաեւ առաջիկայում փոխվարչապետների համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի հերթական նիստի անցկացման վերաբերյալ: Ինչ վերաբերում է սահմանային հարցերին, ապա մինչև այս շաբաթվա վերջ ծրագրված են շփումները Բաքվում ԱԳՆ գծով», - ասել է Զախարովան:

Զախարովայի խոսքով՝ ռուսական կողմը արձանագրում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը պատրաստ են միմյանց ընդառաջել, մշակվում են եռակողմ շփումներ այդ թեմայով:

«Ակնհայտ է, որ տարբեր ձեւաչափերով իրական աշխատանքը արդյունք է տալիս: Մենք, այսպես թե այնպես, մնում ենք գոյություն ունեցող ձևաչափերում, տեսնում ենք, որ այնտեղ աշխատանքը ընթանում է: Հիմնական նշանակությունը տալիս ենք այն փաստաթղթերի ձեւաչափերին եւ իրականացմանը, որոնք միասին իրական արդյունք են տալիս: Այդ արդյունքը զգում են խաղաղ բնակիչները, տնտեսական օպերատորները, տարածաշրջանն ընդհանրապես», - եզրափակել է Զախարովան:

Արմենպրես