news-details
Քաղաքական

ԱՄՆ-ն անընդունելի է համարում Իրանի սպառնալիքները Թրամփի վարչակազմի նախկին աշխատակիցների հասցեին

/ТАСС/. Ամերիկայի Միացյալ Նահանգներն անթույլատրելի է համարում Իրանի պաշտոնատար անձանց կողմից ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի աշխատակիցների հասցեին հնչող սպառնալիքները, որոնք պատասխանատու էին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ալ Քուդս» հատուկ նշանակության ուժերի հրամանատար գեներալ Քասեմ Սուլեյմանիի և Իրաքի շիա աշխարհազորի ղեկավարի տեղակալ Աբու Մահդի ալ Մուհանդիսի սպանության համար:

Այս մասին երկուշաբթի օրը հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին, փոխանցում է «Ռիա նովոստի»-ն: Նրան խնդրել են մեկնաբանել ռազմական գործողության համար պատասխանատու նախկին պաշտոնյաների հասցեին հնչող սպառնալիքները, որի հետևանքով երկու տարի առաջ սպանվել էր Սուլեյմանին: «Մենք, իհարկե, տեսել ենք, թե ինչպես են իրանցի պաշտոնյաները հրապարակավ արտահայտվել նախորդ վարչակազմի դեմքերի մասին, նույնիսկ վերջերս սահմանված պատժամիջոցներից առաջ, դա անթույլատրելի է», - ասել է Փսակին։

«Որպես ամերիկացիներ, մենք Իրանի հետ ունենք տարաձայնություններ քաղաքականության և այլ հարցերի շուրջ: Բայց մենք միասնական ենք սպառնալիքներին և սադրանքներին դիմակայելու մեր վճռականության մեջ: Մենք միասնական ենք մեր ժողովրդին պաշտպանելու հարցում և պատրաստ ենք պաշտպանել մեր ժողովրդին», - հավելել է նա։

Մամուլի քարտուղարը չի մանրամասնել, թե ինչ հայտարարությունների մասին է խոսքը՝ շեշտելով, որ դրանք «հրապարակային են արտահայտվել և հասանելի են բոլորին»։ Նշենք, որ հունվարի 8-ին Իրանը ավելի քան 50 անձի ավելացրել է ԱՄՆ քաղաքացիների այն ցուցակում, որոնց նկատմամբ պատժամիջոցներ են սահմանվել Սոլեյմանիի և ալ-Մուհանդիսի սպանությունների հետ կապված։ Պատժամիջոցների ցանկը լրացրել են, մասնավորապես, Վաշինգտոնի վարչակազմի ներկա ու նախկին աշխատակիցները։

Հիշեցնենք, Սուլեյմանին և ալ-Մուհանդիսը սպանվել էին 2020 թվականի հունվարի 3-ին՝ Բաղդադի օդանավակայանի մոտ ԱՄՆ ռազմաօդային ուժերի հրթիռային հարձակման հետևանքով։ Ի պատասխան՝ Թեհրանը 2020 թվականի հունվարի 8-ի գիշերը հրթիռային հարձակում էր իրականացրել Իրաքի երկու թիրախների վրա, որոնք օգտագործվում էին ամերիկյան զորքերի կողմից։