news-details
Քաղաքական

Թուրքիան և Իսրայելը պատրաստվում են վերսկսել դիվանագիտական ​​հարաբերությունները դեսպանների մակարդակով

Թուրքիան և Իսրայելը պատրաստվում են վերսկսել դիվանագիտական հարաբերությունները դեսպանների մակարդակով և այդ ուղղությամբ աշխատանքներն արդեն սկսել են։

Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն և Իսրայելի ԱԳ նախարար Յայիր Լապիդը հանդիպման ժամանակ  անդրադարձել են նաև երկու կողմի դեսպանների նշանակման հարցին:

«Թուրքիան Իսրայելի հետ աշխատանքներ է սկսել ներկայացուցչությունը դեսպանի մակարդակի բարձրացնելու ուղղությամբ»,- ասել է Չավուշօղլուն: Նա հայտնել է, որ  Անկարայի և Թել Ավիվի միջև դրական երկխոսության շարունակմամբ մոտ ապագայում նախատեսվում են երկու երկրների բարձրաստիճան պատվիրակությունների այցեր։ Չավուշօղլուն հավելել է, որ Թուրքիայի և Իսրայելի համագործակցության հաջող ոլորտներից մեկը անվտանգության ոլորտն է։

«Թուրքիան և Իսրայելը անընդհատ հետախուզական տեղեկություններ են փոխանակում։ Այս հարցը քննարկվել է նաև նախագահների մակարդակով։ Անվտանգության կառույցները մշտական կապի մեջ են»,- ասել է թուրք նախարարը։

Անդրադառնալով պաղեստինա-իսրայելական հակամարտությանը՝ թուրք նախարարը նշել է, որ Անկարան հանդես է գալիս տարաձայնությունների կարգավորման օգտին՝ «երկու պետություն՝ երկու ժողովուրդների համար» սկզբունքի հիման վրա։

«Արմենպրես»