news-details
Քաղաքական

Հունաստանում թուրքական փոքրամասնության իրավունքները անտեսվում են. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատել է Հունաստանին՝ իբր Լոզանի համաձայնագիրը խախտելու համար, որով գրեթե մեկ դար ղեկավարում է երկու երկրների հարաբերությունները, հայտնում է AP լրատվական գործակալությունը:

Լոզանի պայմանագրի 99-րդ տարեդարձի կապակցությամբ տարածված հայտարարության մեջ Էրդողանը պաշտոնական Աթենքին մեղադրել է հունական Թրակիա շրջանում մուսուլման փոքրամասնության իրավունքների ոտնահարման համար։ Թրակիայի մուսուլմանները կազմում են գավառի բնակչության մոտ 32 տոկոսը եւ բաղկացած են էթնիկ թուրքերից, գնչուներից եւ բուլղարախոս պոմակներից։

«Համաձայնագրում ամրագրված պայմանները, հատկապես թուրքական փոքրամասնության իրավունքները, անտեսվում են կամ միտումնավոր մաշվում են։ Մեր երկիրը չի կարող ընդունել այս իրավիճակը, որն անհամատեղելի է բարիդրացիական հարաբերությունների եւ պայմանագրին հավատարմության հետ»,- ասել է Էրդողանը։

1923 թվականի պայմանագիրը ստորագրվել է՝ Առաջին համաշխարհային պատերազմից հետո դաշնակիցների, այդ թվում՝ Հունաստանի հետ Թուրքիայի վեճերը լուծելու համար։

Երկրների միջեւ կատաղի հակամարտությունից հետո վերոնշյալ պայմանագրով սահմանվում էր Հունաստանում մնացած մուսուլման փոքրամասնության եւ Թուրքիայում ապրող քրիստոնյաների իրավունքները: Այն նաեւ սահմանում էր՝ Թուրքիայի ափերի մոտ գտնվող Էգեյան ծովի կղզիներում հունական տիրապետության պայմանները։

Պաշտոնական Անկարան վերջերս դժգոհել էր, որ Հունաստանը խախտել է պայմանագիրը՝ ռազմականացնելով կղզիները։ Աթենքը պնդում է, որ գործում է միջազգային իրավունքին համապատասխան եւ պաշտպանում է իր տարածքը թուրքական մշտական ​​թշնամության պայմաններում:

Ուրբաթ օրը Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել էր Թրակիայում մուսուլմանական փոքրամասնությունների չորս դպրոցների փակումը, ասելով, որ դա վկայում է Հունաստանի կառավարության «խտրական եւ ռեպրեսիվ քաղաքականության» մասին։

Հունաստանի արտաքին գործերի նախարարությունը հերքել է մեղադրանքները՝ ասելով, որ դպրոցների աշխատանքը դադարեցվել է, քանի որ դրանցում աշակերտների թիվը ցածր է նվազագույն շեմից:

News.am