news-details
Միջազգային համագործակություն

ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և ևս երեք երկիր Խաղաղօվկիանոսյան նոր դաշինք են ստեղծել

Ավստրալիան, Մեծ Բրիտանիան, Նոր Զելանդիան, Ճապոնիան ու Միացյալ Նահանգները նոր դաշինք են ստեղծել Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում։ Այս մասին ասվում է վերոնշյալ երկրների համատեղ հայտարարության մեջ, որը հրապարակվել է Սպիտակ տան պաշտոնական կայքէջում։

Հայտարարության մեջ նշվում է, որ Partners in the Blue Pacific (PBP) գործընկերությունն ուղղված է արդյունավետ համագործակցությանն ու տարածաշրջանում կղզի պետությունների աջակցությանը։

«Մեր հինգ երկրները գործարկել են համապարփակ ոչ պաշտոնական մեխանիզմ՝ Partners in the Blue Pacific (PBP) գործընկերությունը, խաղաղօվկիանոսյան առաջնահերթություններին ավելի արդյունավետ ու գործող աջակցություն ապահովելու համար։ Այս նոր նախաձեռնությունը հիմնված է տարածաշրջանի հանդեպ մեր տևական հանձնառության և խաղաղօվկիանոսյան կղզի պետությունների հետ մեր երկարաժամկետ համագործակցության ու սերտ կապերի վրա։ Մենք միասնական ենք տարածաշրջանին աջակցելու մեր վճռականության մեջ՝ ինքնիշխանության, թափանցիկության ու հաշվետվողականության սկզբունքների համաձայն և խաղաղօվկիանոսյան պետությունների առաջնորդության ու ղեկավարության ներքո», - ասված է հայտարարության մեջ։

Ինչպես հաղորդվում է, դաշինքի երկրները նախատեսում են «մինչև 2050 թվականն ընկած ժամկետով ուժեղացնել խաղաղօվկիանոսյան առաջնահերթությունների աջակցությանն ուղղված ջանքերը՝ համաձայն Խաղաղօվկիանոսյան կղզիների ֆորումի ռազմավարության», ինչն էլ, ինչպես ակնկալվում է, պատրաստվում են ընդունել կազմակերպության անդամ պետությունների առաջնորդների կայանալիք գագաթնաժողովի ժամանակ։

«Մենք կկազմենք գոյություն ունեցող նախագծերի քարտեզն ու այնպես կնախագծենք առաջիկա նախաձեռնությունները, որպեսզի ավելի շատ ռեսուրս ներգրավենք։ Զուգահեռաբար երկրներից յուրաքանչյուրը կշարունակի մեծացնել տարածաշրջանի աջակցությանն ուղղված անհատական ջանքերը», - ասված է հայտարարության մեջ։

Tert.am