news-details
Քաղաքական

Ոչ մեկի հաջողությանը չեմ նախանձում, բայց Վրաստանն ավելիին էր արժանի. Ղարիբաշվիլին՝ Եվրախորհրդարանի կողմից Ուկրաինային ու Մոլդովային ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ տալու մասին

Վրաստանն ավելի արժանի էր Եվրամիության անդամի թեկնածուի կարգավիճակին, քան Ուկրաինան ու Մոլդովան: 

Այդ մասին հինգշաբթի հայտարարել է հանրապետության վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

«Իհարկե, ես ոչ մեկի հաջողությանը չեմ նախանձում, հակառակը՝ ուրախ եմ ուկրաինացիների ու մոլդովացիների համար, բայց Վրաստանն ավելիին էր արժանի, եթե այս երեք երկրներից որևէ մեկն արժանի էր, դա մենք էինք։ Ընկերներ, բոլորս էլ հասկանում ենք, որ այսօր աշխարհում իրավիճակն այլ է, ամբողջ աշխարհում շատ բարդ գործընթացներ են զարգանում։ Սա պետք է հանգիստ ընդունենք և շարունակենք մեր երկրի զարգացումն ու հզորացումը»,- ասել է Ղարիբաշվիլին։

Եվրախորհրդարանը հինգշաբթի ընդունել է բանաձև, որն աջակցում է Ուկրաինային և Մոլդովային ԵՄ թեկնածուների կարգավիճակ շնորհելուն։ Բացի այդ, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը վստահություն է հայտնել, որ ԵՄ գագաթնաժողովը թեկնածուի կարգավիճակ կտա այս երկրներին։

Հունիսի 17-ին Եվրահանձնաժողովը (ԵՀ) առաջարկեց, որ ԵՄ գագաթնաժողովը թեկնածուների կարգավիճակ շնորհի Ուկրաինային և Մոլդովային, իսկ Վրաստանի հետ կապված՝ ճանաչել նրա եվրոպական հեռանկարը և մի շարք պահանջների կատարումից հետո տալ թեկնածուի կարգավիճակ։

Եվրամիության երկրների ու կառավարությունների ղեկավարները հունիսի 23-24-ը կքննարկեն ԵՀ-ի առաջարկությունները։

Վրաստանը 2009 թվականից անդամակցում է «Արևելյան գործընկերության» ծրագրին, որն ուղղված է ԵՄ-ի և ԽՍՀՄ նախկին հանրապետությունների միջև համագործակցության զարգացմանը։ 2014 թվականին երկիրը ԵՄ-ի հետ ստորագրել է ասոցացման համաձայնագիր, որի անբաժանելի մասն է խորը և համապարփակ առևտրի մասին դրույթը։ 2017 թվականին Վրաստանի քաղաքացիներն իրավունք են ստացել առանց այցագրի զբոսաշրջային ուղևորություններ կատարել Շենգենյան գոտու երկրներ։

SHANTNEWS.am