news-details
Քաղաքական

Ուկրաինան խզել է դիվանագիտական հարաբերությունները Սիրիայի հետ ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի անկախության ճանաչման պատճառով

Ուկրաինայի ԱԳՆ-ն հայտարարել է Սիրիայի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին՝ պահպանելով հյուպատոսական կապերը։ Այս որոշումը պատասխանն էր Դամասկոսի կողմից Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների անկախության ճանաչմանը, ասվում է Ուկրաինայի ԱԳՆ-ի կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։

Այս մասին հայտնում է РБК-ն։ «Ի պատասխան այս ոչ բարեկամական ակտի՝ Ուկրաինան հայտարարում է Սիրիայի հետ դիվանագիտական հարաբերությունների խզման մասին՝ առանց հյուպատոսական հարաբերությունների խզման՝ 1963 թվականի Վիեննայի հյուպատոսական հարաբերությունների մասին կոնվենցիայի 2-րդ հոդվածի համաձայն։

Ուկրաինական կողմը սկսում է նաև Սիրիայի դեմ առևտրային էմբարգո սահմանելու ընթացակարգը, ինչպես նաև այլ պատժամիջոցների ընդունումը սիրիական իրավաբանական և ֆիզիկական անձանց նկատմամբ»,- ասված է հաղորդագրությունում։

Կիևը դատապարտել է Դամասկոսի որոշումը և հայտարարել, որ իրենք դա համարում են ոչ բարեկամական գործողություն, ոտնձգություն Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ։ ԱԳՆ-ն Սիրիայի կողմից Դոնբասի հանրապետությունների ճանաչումն անվանել է «ուկրաինական օրենսդրության, ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի հիմնարար նորմերի ու սկզբունքների կոպիտ խախտում»։

ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի անկախությունը ճանաչելու մասին Սիրիական կողմի մտադրության մասին հունիսի 29-ին հայտնել էին SANA գործակալությունը և սիրիական պետական հեռուստատեսությունը՝ վկայակոչելով ԱԳՆ պաշտոնական աղբյուրը։ Սիրիական կողմը նախատեսում է կապ հաստատել երկու հանրապետությունների հետ՝ քննարկելու համագործակցության ամրապնդման և դիվանագիտական հարաբերությունների հաստատման հարցեր։