news-details
Էներգոռեսուրսներ Հաղորդակցություններ

Վենեսուելան Իրանի և Չինաստանի օգնությամբ վերականգնում է նավթարդյունաբերությունը

Վենեսուելան, ըստ երևույթին, գնում է Իրանի հետքերով՝ անտեսելով ԱՄՆ պատժամիջոցները սեփական նավթային հատվածի նկատմամբ՝ վերականգնելու հսկայական պաշարների զարգացումը: Տարիներ շարունակ լճացումից և միջազգային ներդրումների կորստից հետո՝ կենսական եկամուտների հետ մեկտեղ, Վենեսուելան մտադիր է ավելացնել նավթի արդյունահանումը՝ ամրապնդելով հարաբերությունները արտահանման խոշոր շուկաների հետ, որոնք պատրաստ են իրենց վտանգի ենթարկել ԱՄՆ պատժամիջոցների պատճառով:

Mercopress-ը գրում է, որ վերջին մի քանի շաբաթների ընթացքում Իրանն ամրապնդել է իր դիրքերը՝ որպես նավթի հիմնական արտադրողներից մեկը՝ շնորհիվ 2021 թվականին դրված հիմքի։

Իրանը կապեր է հաստատում Չինաստանի և Ռուսաստանի հետ՝ փորձելով հաղթահարել ԱՄՆ պատժամիջոցների թողած հետևանքները, ավելացնել նավթի արդյունահանումը և վերսկսել արտահանումը։ Այժմ Վենեսուելան գնում է նմանատիպ ճանապարհով՝ փորձելով շրջանցել ԱՄՆ սահմանափակումները և աջակցել իր հիվանդ տնտեսությանը: Վենեսուելայի իշխող Միացյալ սոցիալիստական կուսակցությունը աշխատում է Չինաստանի և Ինդոնեզիայի հետ՝ վերագործարկելու իր նավթարդյունաբերությունը, որը մի քանի տարի գտնվում էր պասիվ վիճակում։

Թեև նավթի համաշխարհային գները բարձրանում են պահանջարկի աճով պայմանավորված, ԱՄՆ-ը չի պատրաստվում չեղարկել Վենեսուելայի դեմ պատժամիջոցները, քանի դեռ ներկայիս կառավարությունը մնում է իշխանության ղեկին, թեև գները կարող են իջնել, քանի որ վենեսուելական էներգակիրը մտնում է շուկա:

Ըստ Lloyds List Intelligence-ի տվյալների՝ 2020 թվականին մոտ 150 նավ վենեսուելական նավթ է փոխադրել Ասիա, հիմնականում Մալայզիայի միջոցով՝ Չինաստան և Ինդոնեզիա: Քանի որ 2022 թվականին ասիական նավթի պահանջարկը կաճի օրական 1,7 միլիոն բարելով, տարածաշրջանի երկրներն ավելորդ հարցեր չեն տալիս մատակարարներին։ Նրանք դեմ չեն իրանական և վենեսուելական նավթ ներկրել, հատկապես, եթե մատակարարումը մշտական է, իսկ գինը՝ ավելի ցածր։ 2021 թվականին Չինաստանը՝ Իրանից և Վենեսուելայից գնել է 324 միլիոն բարել նավթ, ինչը 53 տոկոսով ավելի է 2020 թվականի համեմատ և ամենաբարձր մակարդակը 2018 թվականից ի վեր:

Ներմուծման բավականին մեծ ծավալներ են ձեռք բերվել մի քանի գործոնների շնորհիվ։ Նախ, հին նավերը հաճախ օգտագործվում են առաքման համար: Երկրորդ՝ նավթը տեղափոխվում է լցանավերով, որոնց հաղորդիչներն անջատված են՝ դրանց հետևելը բացառելու համար և երրորդ՝ նավթի բեռները նավից նավ են տեղափոխում մատակարարումների աղբյուրները թաքցնելու համար։ Բեռնափոխադրումների մեծ մասը վերաբրենդավորվում է՝ դրանք որպես օմանի կամ մալազիական ներկայացնելու համար միջազգային գործակալություններին, քանի որ այդ երկրներից ներմուծումները 2020 թվականից ի վեր կայուն աճել են:

Ըստ երևույթին, Չինաստանը առանձնապես մտահոգված չէ լիցենզավորված նավթ գնելու հնարավոր հետևանքներից: Չինաստանի մասնավոր վերամշակող ձեռնարկությունները իրանական և վենեսուելական նավթի հիմնական գնորդներն են։ Նրանք օգտվում են ցածր գներից և հասանելիությունից, քանի որ Ասիայում ԱՄՆ դաշնակիցները, հատկապես Ճապոնիան և Հարավային Կորեան, հրաժարվել են նավթ գնել պատժամիջոցների տակ գտնվող պետություններից: Ենթադրվում է, որ 2021 թվականին Վենեսուելան կրկնապատկել է իր արտադրությունը նախորդ տարվա համեմատ, քանի որ պետական Petroleos de Venezuela-ն (PDVSA) կարողացել է աջակցություն ձեռք բերել հորատող փոքր ընկերություններից՝ երկարացնելով իրենց պարտքի մարման ժամկետները:

Բացի այդ, PDVSA-ն Իրանից ներկրել է նոսրացուցիչ՝ իր գերծանր նավթը վերամշակելու համար՝ այդպիսով լուծելով հավելանյութի պակասի խնդիրը: Նոյեմբերին արդյունահանումը կազմել է օրական 824 հազար բարել, ինչը շատ ավելի է նախորդ ամիսների համեմատ։ 2021 թվականի վերջին Վենեսուելայի արդյունահանումը հասավ օրական 1 միլիոն բարելի, թեև այն հեռու էր 1999 թվականի գագաթնակետից՝ օրական 3,2 միլիոն բարելից:

Հյուսթոնի Ռայսի համալսարանի Բեյքեր ինստիտուտի Լատինական Ամերիկայի էներգետիկ ծրագրի տնօրեն Ֆրանցիսկո Մոնալդին ասել է, որ PDVSA-ի արտադրական կարողությունները սահմանափակ են: Օտարերկրյա ներդրումների և հորատման սարքավորումների բացակայությունը հիմնականում ԱՄՆ պատժամիջոցների պատճառով արգելափակում է ընկերության հնարավորությունները։

«2021 թվականին ծավալները շատ ավելի ցածր էին, քան PDVSA-ի արտադրական հզորությունը: 2022 թվականին արտադրությունն ավելացնելու համար անհրաժեշտ են ներդրումներ նոր հորատանցքերում և ենթակառուցվածքների արդիականացում»,- ասել է փորձագետը։

Հետևելով Իրանի օրինակին՝ Վենեսուելան վերակառուցում է իր նավթարդյունաբերությունը: Թեև արդյունահանման ներկայիս մակարդակը խոստումնալից է թվում, Վենեսուելան շարունակում է հուսալ, որ իր նավթարդյունաբերության նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցները կչեղարկվեն՝ օտարերկրյա ներդրումներից օգտվելու և արտադրության ներկայիս տեմպերը պահպանելու համար: