news-details
Ինֆո Պատերազմներ

Ամերիկյան ՌՕՈւ-ի ներկայացուցիչը պնդում է, որ Իրանը «կվերսկսի» գրոհներն ԱՄՆ-ի դեմ

Իրանի աջակցությունը վայելող աշխարհազորայինները տարածաշրջանում կարող են վերսկսել գրոհները Միացյալ Նահանգների եւ նրա դաշնակիցների դեմ՝ լարվածության աճին զուգընթաց. հարձակումներ, որոնք  կարող են հանգեցնել նոր սրացման Մերձավոր Արեւելքում։ Այս մասին ասել է տարածաշրջանում ԱՄՆ ՌՕՈւ-ի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ալեքսուս Գրինկեւիչը, տեղեկացրել է AP-ն։

Գրինկեւիչը մտավախություն է հայտնել Ռուսաստանի եւ Չինաստանի ազդեցության մեծացմամբ Մերձավոր Արեւելքում։

«Մենք այնպիսի վիճակում ենք, երբ մեզ վրա մշտապես չեն գրոհում, բայց մենք տեսնում ենք, որ գրոհների պլանավորումը շարունակվում է»,- ասել է նա։

Անցած ամիս Իրանը փորձարկել է կրիչ հրթիռ արբանյակով, ինչը ստիպել է Սպիտակ տանը սպառնալ Թեհրանին նոր պատժամիջոցներով։ Իսկ անցած շաբաթ, երբ նախագահ Ջո Բայդենը ճամփորդություն էր կատարում տարածաշրջանում, Իրանը ներկայացրել է մարտական անօդաչուներ Պարսից ծոցի իր ռազմանավերում։

«Բոլորը տարածաշրջանում խիստ անհանգստացած են»,- ասել է Գրինկեւիչը։

Նրա խոսքով՝ վերջին շաբաթներին ԱՄՆ-ի ուժերը նպատակաուղղված գրոհների պակասեցում են նկատել ամբողջ տարածաշրջանում։ «Մենք որոշակի լճացման մեջ ենք»,- ասել է նա։

ԱՄՆ-ը ուշադրությունը կենտրոնացրել է տարածաշրջանում ռուսական եւ չինական ազդեցության զսպման վրա, ասել է Գրինկեւիչը՝ նշելով, որ Ռուսաստանը ձգտում է պահպանել ազդեցության լծակները, որոնք ստացել է ռազմական ինտերվենցիայի ժամանակ, օրինակ՝ Սիրիայում։

Գրինկեւիչն ասել է, որ Ռուսաստանի եւ Իրանի միջեւ ռազմական հարաբերությունների ակհայտ փոփոխությունը (Մոսկվան ցանկանում է անօդաչուներ ձեռք բերել Իրանից) «ի ցույց է դնում  հարաբերությունների ակտիվացումը Ուկրաինայում տեղի ունեցողի ֆոնին»։

Չինաստանի զգալի տնտեսական առաջխաղացումը տարածաշրջանում անհանգստացնող է, քանի որ «երկիրը փորձում է «պաշտպանել իր շահերը կամ ի հաշիվ զենքի վաճառքի, կամ այլ միջոցներով»,- ասել է Գրինկեւիչը։

Չնայած Աֆղանստանից դուրս գալուն՝ ԱՄՆ-ը չի հեռանում տարածաշրջանից, ասել է Գրինկեւիչը;

Ըստ նրա՝ Արաբական թերակղզում տեղակայված տասնյակ հազարավոր ամերիկացի զինծառայողներով, որոնց մի մասն Իրաքում է, ԱՄՆ-ը փորձում է համոզել դաշնակիցներին, որ «եթե համագործակցեն իր հետ, կստանան հարաբերություններ, որոնք կլինեն անհամեմատ ավելի խոր եւ նշանակալի»։ 

News.am