news-details
Политика

«Ղրիմի հարցում մեր դիրքորոշումը հայտնի է, և ոչ ոք չպետք է նեղանա Ուկրաինային ԱԹՍ-ների վաճառքից․ սա առևտուր է»․ Չավուշօղլու

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն մեկնաբանել է Կիևի հետ ռազմական համագործակցությունը դադարեցնելու Մոսկվայի «խորհուրդը»՝ մասնավորապես անօդաչու թռչող սարքերի վաճառքի վերաբերյալ։ Թուրք նախարարը հաստատել է «Ղրիմի ապաշրջափակմանն» աջակցելու մտադրությունը և Ուկրաինային Bayraktar TB2 ԱԹՍ-ների վաճառքն անվանել բիզնես, հայտնում է NTV հեռուստաալիքը:

«Ղրիմի հարցում մեր դիրքորոշումը հայտնի է, մենք այդպես էլ ասում ենք ռուսներին։ Մենք նշում ենք, որ որոշումը քաղաքական է։ Ոչ ոք չպետք է նեղանա Ուկրաինային ԱԹՍ-ների վաճառքից։ Սա առևտուր է», - ասել է Չավուշօղլուն՝ հավելելով, որ Մոսկվան հրթիռներ է մատակարարում Սիրիային և այլ երկրների, ինչն Անկարան կասկածի տակ չի դնում։

Չավուշօղլուն նշել է, որ ամբողջ աշխարհում անօդաչու թռչող սարքերի մեծ պահանջարկ կա, ինչը Թուրքիան մտադիր է բավարարել։

Հիշեցնենք, որ ապրիլին Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել էր, որ Ղրիմի հարցում Ուկրաինայի հետ լուրջ տարաձայնություններ կան, որոնք դժվար թե լուծվեն, իսկ թուրքական կողմի դիրքորոշումը, որը սխալ է, հնարավոր է փոխել։

Աշխարհում աճել է թուրքական արտադրության անօդաչու թռչող սարքերի նկատմամբ հետաքրքրությունը:

«Աշխարհում աճել է թուրքական արտադրության անօդաչու թռչող սարքերի նկատմամբ հետաքրքրությունը: Ինդոնեզիան և աշխարհի բազմաթիվ այլ երկրներ սկսել են հետաքրքրություն դրսևորել թուրքական արտադրության ԱԹՍ-ների նկատմամբ»,-հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարը:

Նշենք, որ 44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանը հայ զինվորների նկատմամբ կիրառել է թուրքական արտադրության «Բայրաքթար»-ներ: